Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 17

:
Armenian - 2018
1 Նրա որդի Հոսափատը թագավոր եղավ նրա փոխարեն և իր պաշտպանության միջոցները զորացրեց Իսրայելի դեմ։
2 Զորքեր դրեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում, ինչպես նաև պահապան զորքեր՝ Հուդայի երկրում և Եփրեմի երկրի քաղաքներում, որոնք գրավել էր իր հայր Ասան։
3 Տերը Հոսափատի հետ էր, որովհետև նա գնում էր իր նախահոր՝ Դավթի սկզբնական ճանապարհներով. Բահաղներ չորոնեց,
4 այլ իր հոր Աստծուն փնտրեց և առաջնորդվեց նրա պատվիրաններով և ոչ թե ինչպես արել էր Իսրայելը։
5 Տերը հաստատեց թագավորությունը նրա ձեռքում։ Ամբողջ Հուդան ընծաներ էր տալիս Հոսափատին, և նրա հարստությունն ու փառքը մեծացան։
6 Նրա սիրտը արիացավ Տիրոջ ճանապարհների մեջ, և նա Հուդայից վերացրեց Բարձր տեղերն ու Աստարովթի կուռքերը։
7 Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխանավորներին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին և Միքիային, ուղարկեց, որ ուսուցանեն Հուդայի քաղաքներում։
8 Նրանց հետ էին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբաթիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան։ Նրանց հետ էին նաև Եղիսամա և Հովրամ քահանաները։
9 Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց մոտ ունենալով Տիրոջ օրենքի գիրքը։ Նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքները և ուսուցանում էին ժողովրդին։
10 Տիրոջ վախը պատեց Հուդայի շրջակայքում գտնվող բոլոր երկրների թագավորություններին, և նրանք չպատերազմեցին Հոսափատի դեմ։
11 Փղշտացիներից էլ ոմանք ընծաներ և հարկի փող էին բերում Հոսափատի համար. արաբները նույնպես իրենց հոտերից նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։
12 Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։
13 Նա շատ գործեր ուներ Հուդայի քաղաքներում, իսկ Երուսաղեմում՝ քաջազուն ռազմիկներ։
14 Ահա նրանց մարդահամարը ըստ իրենց ազգատոհմերի. Հուդայի հազարապետներն էին՝ Եդնա իշխանը. նրա հետ՝ երեք հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։
15 Նրանից հետո՝ Հոհանան իշխանը. նրա հետ՝ երկու հարյուր ութսուն հազար մարդ։
16 Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։
17 Բենիամինից՝ քաջազուն ռազմիկ Եղիադան. նրա հետ՝ երկու հարյուր հազար աղեղնավոր և ասպարավոր։
18 Նրանից հետո՝ Հոզաբադը. նրա հետ՝ հարյուր ութսուն հազար սպառազինյալներ։
19 Սրանք էին թագավորին ծառայություն անողները, բացի նրանցից, որոնց թագավորը դրել էր Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։